Ինչպիսի՞ն է դպրոցական առօրյան ԴԿԴ-ում․ այս հարցին միջին դպրոցի աշակերտների մեծամասնությունը կասի՝ բազմազբաղ․ ակտիվ ուսումնական գործընթաց, ակնթարթի պես անցնող դասամիջոցներ, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ նաև տարբեր խմբակների պարապմունքներ, նախագծային աշխատանքների շուրջ քննարկումներ, հյուրեր ու հանդիպումներ։ Նախորդ ուրբաթ էլ 7-րդ և 8-րդ դասարանցիները հնարավորություն ունեցան ստուգել մայրենի լեզվի իմացությունը՝ մասնակցելով կազմակերպված վիկտորինային։ Այն անցավ աշխույժ մթնոլորտում․ ընդհանուր հարցման արդյունքում ճիշտ պատասխաններ տված աշակերտներից ձևավորվեցին երկու թիմեր, ապա թիմերը մրցակցեցին «Հայերեն+» փուլում, իսկ ամենավերջում իրենց ուժերը փորձեցին անհատապես՝ ներկայացնելով, թե ինչքան ճարտար են լեզվից և ինչքան արագ ու անսխալ կպատասխանեն առաջադրված ծուղակ-հարցադրումներին։ Իսկապես և՛ զվարճալի էր, և՛ հետաքրքիր, և ամենակարևորը՝ այնքան դուր եկավ մասնակիցներին, որ նրանք ցանկություն հայտնեցին կրկին մասնակցել վիկտորինաների, որոնք կկազմակերպվեն արդեն այլ թեմաներով։
Մայրենիի օրվան նվիրված վիկտորինա միջին դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանցիների մասնակցությամբ

Leave a comment