Դեկտեմբերի 12-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի դահլիճում ամանորյա տրամադրություն էր։ Բեմում երրորդ դասարանցիներն էին։ Նրանք ներկայացրին անգլիացի հայտնի մանկագիր, նկարիչ և դերասան Դոնալդ Բիսեթի «Արքայազն անունով պինգվինը» ստեղծագործությունը։ Սցենարի հեղինակն է մանկագիր Լիլիթ Հեյբաթյանը։ Մենք տեղափոխվեցինք հեռավոր Անտարկտիդայի մի փոքրիկ գյուղակ, որտեղ նախատոնական տրամադրություն ու արտասովոր եռուզեռ էր տիրում, բոլորն անհամբեր սպասում էին ամանորյա հրաշքին։
Իսկ ամենաանհամբերն ու ամենաուրախը արքայական պինգվինների ընտանիքն էր, չէ՞ որ նրանք սպասում էին իրենց առաջնեկ փոքրիկ պինգվինի լույս աշխարհ գալուն։ Պինգվինը ծնվեց, նա նման չէր արքայական պինգվիններից ոչ մեկին։ Մայր պինգվինն անհանգստացած էր։ Արքայազնն անցավ բազմաթիվ փորձությունների միջով։ Հանելուկը լուծեց իմաստուն բուն։ – Ի՜նչ ծիծաղելի ես, պինգվին մայրիկ, մի՞թե չգիտես, որ արքայական պինգվինները ծնվում են շագանակագույն փետուրներով ու երբ մի քիչ մեծանում են, նոր միայն նրանց մեջքը դառնում է սև, իսկ փորիկը` սպիտակ:

Leave a comment