Հոկտեմբերի 20։ Արևոտ, պայծառ օր։ Հանդիպում հաճելի մարդկանց հետ և, իհարկե, Հայաստանի ամենատպավորիչ քաղաքներից մեկը՝ Գյումրին։
6-րդ դասարանի աշակերտների ճամփորդությունը հետաքրքիր էր և բազմաբովանդակ։
Սկզբում այցելեցին Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը Ջաջուռ գյուղում, որտեղ ծանոթացան Վարպետի որմնանկարներին և «Գայանե» բալետի համար իր ստեղծած դեկորացիաներին։
Այնուհետև աշակերտները հայտնվում են «Արեգակ» ներառական սրճարանում, որտեղ ծանոթանում են են աշխարհի ամենաբարի և ամենաուժեղ մարդկանց հետ, ովքեր պատրաստում են Գյումրու ամենահամեղ ուտեստները։
Հետագա ճանապարհը տանում է դեպի 19-րդ դարում միջնադարյան ոճով կառուցված ամրոց՝ Սև Բերդ։
Սև Բերդից ուղևորվում են դեպի Արտակ Թադևոսյանի արհեստանոց, որտեղ մերօրյա տաղանդավոր վարպետը օգտագործված փամփուշտներից գեղեցիկ և յուրահատուկ զարդեր է պատրաստում։
Հաջորդ կանգառը հին խարխլված շենքում տեղակայված ավիամոդելավորման խմբակն էր, որտեղ մեր աշակերտները ծանոթացան ինքնաթիռներ և սավառնակներ պատրաստող իրենց հասակակիցների հետ։
Հերթը հասավ իր բազմաթիվ թանգարաններով հայտնի Վարպետաց փողոցին։ Աշակերտները նախ հյուրընկալվեցին գրչի մեծ վարպետներ Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի թանգարաններում, իսկ հետո սիրված դերասան Մհեր Մկրտչյանի թանգարանում։
Տպավորություններով լի օրը ավարտվեց քաղաքային զբոսանքով։

Leave a comment