Ո՞ր դեպքում կարող ենք ուսումնական տարին ԴԿԴ-ում լիարժեք ու հաջողությամբ ավարտված համարել. թվարկե՞նք՝ երբ դասեր էլ չկան, հունիսմեկյան ավանդական սպորտլանդիան կայացել է, քննությունները վերջապես հանձնված են, իսկ շարքն ամբողջացնելու համար մնում է կազմակերպել տարեվերջյան էքսկուրսիան…
Վեցերորդ դասարանցիները այս վերջին պայմանն էլ կատարելու և ամառային արձակուրդները հանգիստ սրտով սկսելու համար որոշեցին ուղևորվել դեպի Գյումրի՝ մշակութային խոր ավանդույթներ ունեցող և իր բնակչությամբ ու նշանակությամբ ՀՀ երկրորդ քաղաք: Այցը և՛ ուսումնական նպատակ ուներ, և՛ ճանաչողական, և՛ ժամանցային:
Նախապես՝ դասղեկի և ծնողների օգնությամբ լուծվել էին ուղևորության հետ կապված բոլոր կազմակերպական հարցերը, այնպես որ երեխաներին սպասվում էր անհոգ ու հետաքրքիր ճամփորդություն, որ խոստանում էր նոր բացահայտումներ, անմոռանալի տպավորություններ: Քաղաքի տեսարժան վայրերին մանրամասն ծանոթացնելու համար վեցերորդցիներին քաղաքի մուտքի մոտ միացավ էքսկուրսավար Արսեն Վարդանյանը:
Ավանդապաշտ Գյումրիիում շրջայցը սկսվեց Սուրբ Աստվածածին՝ Յոթ Վերք եկեղեցուց:
Ապա քաղաքի հրապարակում շրջեցին, կենտրոնում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությունները դիտեցին, դրանց հետ կապված պատմություններին տեղեկացան:
Նախաճաշը նախատեսված էր տարածաշրջանում եզակի «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում, որն իր դռներն է բացել այցելուների առաջ մոտ մեկ տարի առաջ : Պարզվեց, որ Գյումրի այցելելիս այստեղ սիրում է նախաճաշել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ Պերճն էլ նստել էր հենց նախագահի սիրելի տեղում: Ասենք, որ այստեղ ամեն ինչ երեխաներին դուր եկավ. թե՛ ուտելիքը, որը շատ համեղ էր, թե՛ ջերմ ու հյուրընկալ մթնոլորտը:
Նախաճաշից հետո երեխաներին սպասվում էր 2 այցելություն՝ արմատներով գյումրեցի երկու հայ մեծանուն գրողների՝ Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի թանգարաններ: Հ.Շիրազի հուշատանը շրջելով՝ երեխաները շատ նոր տեղեկություններ իմացան հայրենասեր գրողի մանկության տարիներից, նրա անվան հետ կապված հետաքրքիր պատմություններ լսեցին:
Բովանդակալից էր նաև Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի շրջայցը: Այստեղ ներկայացվող յուրաքանչյուր ցուցանմուշ արտացոլում էր խոսքի մեծ Վարպետի կենսագրության հիշարժան դրվագները: Ցուցադրված նկարների մեջ նկատելով Ավ. Իսահակյանի և Հովհ. Թումանյանի համատեղ լուսանկարները՝ երեխաները որոշեցին երգ նվիրել թանգարանի աշխատակիցներին, հնչեցին նաև Ավ. Իսահակյանի բանաստեղծություններից:
Քանի որ թանգարանները գտնվում էին Վարպետաց փողոցում, որը Գյումրու այցեքարտերից մեկն է և լավագույնս արտացոլում է ազգային ավանդույթներով հարուստ քաղաքի կոլորիտը, երեխաները թանգարաններ այցից հետո զբոսնեցին այս փողոցով, շատ նոր իրողություններ իմացան հին գյումրեցիների կենցաղից:
Զբոսանքից ու ճաշից հետո հաջորդ կանգառը Սև ամրոցում էր, ուր, ինչպես ասացին երեխաները, ամենատպավորիչը ամրոցի ներսում գտնվող ահռելի խորությամբ ջրհորն էր, թեև ամրոցի ներսում էլ շատ գրավիչ էր, ու ամրոցի հետ կապված հետաքրքրաշարժ պատմական փաստերի ներկայացումն էլ երեխաները ուշիուշով էին լսում:
Էլ ինչ էքսկուրսիա Գյումրիում՝ առանց դարբնոց այցելելու: Իհա՛րկե, արհեստների քաղաք Գյումրին ավելի լավ ճանաչելու համար պետք է որևէ արհեստանոց այցելել, դրա համար էլ ծրագրում ներառվել էր դարբնության վարպետաց դասերի ներկա գտնվելը: Երիտասարդ դարբին Հովհաննեսի դարբնոցում ամեն ինչ երեխաներին զարմացնում էր՝ սկսած մուրճերի քանակից մինչև հայուհու երկաթաձույլ արձանը, որ ներկայացնում էր գյումրեցու կնոջ կերպար և ցուցադրվել էր արտերկրյա ցուցահանդեսում:
Մի քանի անվարժ փորձեր կատարելով դարբնության ասպարեզում՝ արդեն համարյա յոթերորդցի տղաներն ու աղջիկները կրկին ուղևորվեցին քաղաքի կենտրոն՝ մի քիչ էլ զբոսնելու, քաղաքի շունչն ու գույները ավելի լավ զգալու համար և երեկոն իջնելու պես բռնեցին վերադարձի ճանապարհը՝ իրենց հետ տանելով համատեղ անցկացրած մի հիանալի օրվա վառ հիշողություններ, իսկ առջևում վաստակած ամառային հանգիստն է՝ լի բազմաթիվ անակնկալներով ու ջերմ օրերով:

Leave a comment